Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլի 10-ի համերգին հնչելու են Յոզեֆ Հայդնի ռե մաժոր կոնցերտը թավջութակի և լարայինների համար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հինգերորդ կոնցերտը ջութակի համար և Անտոնիո Վիվալդիի կոնցերտը 2 թավջութակի համար: Երեկոյի մենակատարներն են ջութակահար Ֆելիքս Հարությունյանը, թավջութակահարներ Լևոն Առաքելյանը և Վահե Դանիելյանը: Մեր անակնկալ հյուրը ջութակահար Ֆելիքս Հարությունյանն է:

