Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Աղձքում հայտնաբերվել է արձանագիր տապանաքար: Ենթադրվում է, որ մաշտոցյան ամենահին գրություններից է: Բացվել է նաև Հայաստանի ամենահին պալատական կառույցը. 4500 քմ տարածք ընդգրկող մոնումենտալ կառույց: Մեր պահպանված միակ պալատը Դվինի 7-րդ դարի պալատն էր, ինչպես նաև Արուճի պալատը: Իսկ այս դեպքում գնում ենք դեպի 4-5-րդ դարեր: Հայ ճարտարապետության համար սա ցնցող հայտնագործություն է:
Արքայական պալատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, քաղաքային մշակույթին բնորոշ կառույցներ։ Հայերի քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռ IV դարում, ու դրա վկայությունն է նաև առաջին սանհանգույցի նախատիպը։ Լեռնային աղբյուրի ջուրը գետնի տակով բերվել է մինչև պալատ։
- Հակոբ Սիմոնյան

