«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Հին Հունաստանում ծնունդ առած սկեպտիցիզմը զարգանում էր հակադրվելով դոգմատիզմին, որը երկրում կամ երկնքում տիրող վիճակի մասին մեկընդմիշտ սահմանված տեսակետ էր հաստատում: Կանխատեսելով այն հարցերը, որոնք կրկին կբարձրանան 2000 տարի անց, հունական սկեպտիցիզմը ծնվեց նախ և առաջ արտաքին երևութականության և իրական վիճակի միջև առկա անհատակ անդունդի գիտակցումից, նրանից, որ աշխարհը ճանաչելու մեր կարողությունը մեզ ավելի է հեռացնում ճշմարտությունից, և միշտ հավանական են հակառակ օրինակներ, որոնք կհերքեն իմացության ցանկացած նկրտում:

