Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Լիբրետոն գրել են ավստրիացի թատերագիր Լեո Շտայնը և լիբրետիստ Բելա Յենբախը։
Վարիետեի աստղ Սիլվա Վարեսկուին նվիրված օպերետ գրելու մտահղացումը Կալմանի մոտ ծագել է 1914 թվականին։ Գերմաներեն լիբրետոն վերնագրված էր «Կեցցե սերը»։ 1915 թվականի նոյեմբերին Կալմանը լիովին ավարտում է օպերետը: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Վիեննայի «Յոհան Շտրաուս» թատրոնում «Չարդաշի թագուհին» օպերետն առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին։
Ռուսաստանում օպերետի սկզբնախաղը 1916 թվականին էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի բուռն շրջանում, երբ Ռուսաստանն ու Ավստրո-Հունգարիան պատերազմում էին։ Այդ իսկ պատճառով թե՛ օպերետի և թե՛ որոշ գործող անձանց անուններ փոփոխվեցին։ Այդ ժամանակից ի վեր «Չարդաշի թագուհին» ռուսական և սովետական հանդիսատեսին ներկայացվել է «Սիլվա» վերնագրով։
Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

