Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ իմաստով`ինչ-որ բանի պատասխանատվությունից հրաժարվել, ինչ-որ բանի չխառնվել, չմասնակցել:
Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխի 11-26 համարներում նկարագրվում է Հիսուսի դատավարությունը հռոմեական դատարանում: Պիղատոսը հարցնում է . «Ի՞նչ անեմ Հիսուսին`Քրիստոս կոչվածին»: Բոլորը բարձր աղաղակում են. «Թող խաչվի՛»: Պիղատոսը, երբ տեսնում է, որ օգուտ չունի շարունակելը և, ընդհակառակը, ամբոխի մեջ ավելի մեծ խռովություն է առաջանում, ջուր վերցնելով, ձեռքերը լվանում է ժողովրդի առաջ և ասում. «Անպարտ եմ այս արդար մարդու արյունից. դո՛ւք գիտեք»: Ամբողջ ամբոխը պատասխանում է. «Նրա արյունը թող մեզ և մեր զավակների վրա լինի»: