«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Միջնադարյան մտածողների համար Արիստոտելը պարզապես Մեծ Փիլիսոփա էր: Հեղինակությամբ նա այնքան էր գերազանցում մյուս փիլիսոփաներին, որ նրան ներկայացնելու համար չէր պահանջվում լրացուցիչ այլ բնորոշում: Իսկ այն բանից հետո, երբ Թովմա Աքվինացին 13-րդ դարում կարողացավ Արիստոտելի ուսմունքը հմտորեն միավորել քրիստոնեական աստվածաբանության հետ, այն դարձավ նոր դավանություն՝ հավատքի համոզմունք:

