Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտահայտությունը մատնանշում է մանրախնդիր հոգսերը, այն բոլոր չնչին, անօգուտ բաները, որոնք մնայուն, իսկական արժեք չունեն: «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է»:
Հնագույն ժամանակների Մերձավոր Արևելքին բնորոշ իմաստնական գրականության սահմաններում կարելի է առանձնացնել հատուկ ժանր` այսպես կոչված հոռետեսական գրականությունը: Աստվածաշնչում այդ ժանրը ներկայացված է միայն Ժողովողի գրքով, սակայն Ժողովողի գրքի հոռետեսությունը մի փոքր այլ բնույթի է: Սովորական հոռետեսական գրականության ստեղծագործության համար բնորոշ էր մռայլ անելանելիությունը, որը չէր թողնում հույսի և ոչ մի նշույլ: Քրիստոնեական կյանքը նույնպես լի է խնդիրներով, և այդ պատճառով Ժողովողի խոսքերը ներկայացնում են ոչ միայն պատմական հետաքրքրություն, այլև արդիական են և այսօր: