ՎէՄ ՄԵԴԻԱ ԱՐՎԵՍՏՆԵՐ
«Վէմ մեդիա արվեստներ» ստուդիան գործել է 2004-2012 թթ. և այդ ընթացքում հանրությանը ներկայացել գլխավորապես մի շարք վավերագրական ֆիլմերով և հեռուստատեսային հաղորդաշարերով։ «Վէմ մեդիա արվեստների» մեկնարկը տրվեց 2004 թ. հունիսի 24-ին, Նյու Յորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկեք սերունդը» ամենամյա առաջին փառատոնում ցուցադրվեց ստուդիայի նկարահանած «Մրցակցություն» կարճամետրաժ ֆիլմը:
«Վէմ մեդիա արվեստները» նկարահանել է բնապահպանության թեմայով վավերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: «Վէմ մեդիա արվեստները» պատրաստել է նաև «Հոգևոր զրույցներ» և «Վարդապետություն» հեռուստատեսային հաղորդաշարերը:
2010 թ. «Վէմ մեդիա արվեստները» թողարկեց «Արարատից Սիոն» մեծածավալ փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է հայոց դարավոր ներկայությունը Ավետյաց երկրում:
vimeo.com
Դեպի Սուրբ Երկիր քրիստոնեական ուխտագնացության խճանկարը ձևավորվել է երկու հազարամյակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտավորները բերել են սեփական պատմություններն ու թողել իրենց հիշողությունները:
Ֆիլմի հեղինակները քննում են այդ պատմությունների նշանակալից էջերը և բացահայտում ինքնաճանաչողության մի շարք արժեքավոր կողմեր:
Հայ ուխտավորների հետքերով` նրանք անցնում են մարդկության պատմության երկու առանցքային կետերի միջև ընկած ճանապարհը` Արարատի գագաթից մինչև Սիոն: Ֆիլմի հեղինակների համար նկարահանումները վերածվեցին անմոռանալի ուխտագնացության, և երբեմն նրանք անձամբ վերապրեցին այն դժվարություններն ու վտանգները, որոնց հանդիպում էին ուխտավորները, ովքեր իրենց կոչում էին «մահտեսի»:
Կինոնկարը բացահայտում է ուխտագնացության ոգին, որը դարեր շարունակ պահել-պահպանել է Ավետյաց երկրի սրբատեղիներն ու վանքերը: Անչափելի ինքազոհողության ու ջանքերի գնով ուխտավորները եկել են այս սրբավայրեր` Աստծո երկրային ներկայությանը հպվելու համար:
Հանդիսատեսին հնարավորություն է տրված ուխտավորների աչքերով դիտելու սրբատեղիները: Հազարավոր անգամներ պատկերված այս խորախորհուրդ վայրերը ֆիլմում բացվում են նորովի, իրենց վերերկրային էությամբ ու մարդկային կյանքը վերափոխող զորությամբ:
Ֆիլմի առանցքային տեսարաններից են Սբ Հարության տաճարը գիշերով, Զատկական գունեղ պատկերը Երուսաղեմում, Քրիստոսի գերեզմանից հանվող լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատի գագաթը:
Ֆիլմում նրբորեն միահյուսված են Էյդըն Քվինի անգլերեն անզուգական ընթերցումը, Լիզա Ջերարդի առինքնող երաժշտությունը, տպավորիչ նկարահանումները և անձնական խորհրդածությունները:
«Արարատից Սիոն» ֆիլմի տեսասկավառակը` Amazon-ում
23 րոպեանոց այս ֆիլմը պատմություն է տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, կրթական ու գիտական կազմակերպությունների, առանձին անհատների համատեղ ջանքերի մասին, որոնցով նրանք, սփյուռքի մեր հայրենակիցների հետ միասին, կարողացան կործանումից փրկել Հայաստանի հարավում գտնվող Շիկահող բնական արգելոցը:
Ֆիլմը թողարկվել է 2005 թվականի հունիսին:
20 րոպեանոց բնապահպանական այս ֆիլմը ներկայացնում է փորձագետների և բնակիչների տեսակետները 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներից ի վեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում շրջակա միջավայրի վատթարացման և կանաչ տարածքների ոչնչացման փաստերի մասին:
2005 թ. դեկտեմբերին «Անապատացող քաղաք» ֆիլմն արժանացավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Օրհուսի կենտրոնի` հեռուստատեսության և մամուլի համար կազմակերպվող «Բնապահպանություն և արդյունաբերություն» ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակին:
Ֆիլմն արտադրվել է 2005 թվականի սեպտեմբերին:
23 րոպե տևողությամբ այս կինոնկարը փաստագրական-պատմական ակնարկ է Սևանա լճի մասին, որը ոչ միայն Հայաստանի ազգային հարստությունն է, այլև ռազմավարական մեծ կարևորություն ունի երկրի համար:
Ֆիլմը պատմում է լճին, նրա եզակի կենսաբազմազանությանը և ողջ ջրավազանին սպառնացող բնապահպանական վտանգների ու հիմնախնդիրների մասին:
Ֆիլմը թողարկվել է 2005 թվականի դեկտեմբերին:
20 րոպեանոց այս ֆիլմը պատմում է ապօրինի անտառահատումների և Հայաստանի կանաչապատ տարածքների վերացման մասին: Հայաստանում համատարած անտառահատումները հետևանք էին 1992 թվականից երկրում ծայր առած և հետագա մի քանի տարիներին շարունակված էներգետիկ ճգնաժամի:
Ֆիլմում փորձագետները ներկայացնում են իրենց առաջարկներն այն քայլերի վերաբերյալ, որոնք պետք է արվեն ապօրինի անտառահատումները բացառելու և Հայաստանի անտառները վերականգնելու համար:
Թողարկվել է 2006 թվականի մարտին:
20 րոպեանոց փաստագրական այս ֆիլմը Հայաստանում օդի աղտոտվածության և դրա առաջացման հիմնական պատճառների մասին է: Մեքենաներից, գործարաններից, ինչպես նաև թափոնների վերամշակման արդյունքում մթնոլորտ արտանետվող այրման արգասիքները, վնասակար և թունավոր նյութերը առողջական լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց և էկոհամակարգերի համար:
Վտանգը մեծանում է նաև զուգահեռաբար ընթացող մեկ այլ վնասակար երևույթի` կանաչ տարածքների ոչնչացման հետևանքով:
Ֆիլմը թողարկվել է 2006 թվականի մայիսին:
20 րոպեանոց այս ֆիլմը պատմում է «Հայաստան ծառատուն» ծրագրի և «Հայաստանի անտառներ» կազմակերպության երկարամյա համագործակցության մասին, ինչի շնորհիվ ՀՀ և Արցախի տարբեր տարածքներում արդյունավետորեն իրականացվել են ծառատնկման և անտառային ծածկույթի վերականգնման աշխատանքներ:
Երկրի հետագա տնտեսական և հասարակական առաջընթացի պայմաններում սա թույլ կտա հնարավորինս քիչ վնասել ծառային բուսականությանը:
Թողարկվել է 2006 թվականի հուլիսին:
20 րոպե տևողությամբ այս ֆիլմը բարձրացնում է Հայաստանում թափոնների և դրանց ոչնչացման հիմնախնդիրը, ներառյալ կենցաղային աղբը և արտադրական թափոնները, որոնք պարունակում են բազմաթիվ թունաքիմիկատներ և աղտոտում են օդը, ինչպես նաև՝ կեղտաջրերի միջոցով՝ հողը` չափազանց մեծ սպառնալիք ստեղծելով ինչպես մարդկանց առողջության, այնպես և շրջակա միջավայրի համար: Հատկապես վտանգավոր են քլորօրգանական պեստիցիդները, որոնք թաղված են հատուկ այդ նպատակով 1982 թ. Հայաստանում կառուցված դամբարանում:
Հատուկ ուշադրության առարկա են պոլիմերային թափոնները, որոնց ծավալը կազմում է կենցաղային աղբի շուրջ 30 տոկոսը: Դրանցից ձերբազատվելու էկոլոգիապես միակ արդարացված եղանակը թափոնների վերամշակումն է:
Ֆիլմը թողարկվել է 2006 թվականի օգոստոսին:
Ֆիլմի 20 րոպեների ընթացքում խոսվում է Հայաստանի թանկարժեք հարստության` ջրային ռեսուրսների տագնապահարույց իրավիճակի մասին: Անթրոպոգեն (մարդածին) գործունեության ազդեցությունը բնական ռեսուրսների վրա օրեցօր մեծանում է, իսկ ջուրը այդ վնասակար ազդեցության առաջնային կրողն է:
Ինչևէ, մենք պետք է գիտակցենք, որ երբ գազի և նավթի ռեսուրսները վերջնականապես սպառվեն, մարդկությունը հավանաբար կանցնի էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրների կիրառմանը, ինչում անփոխարինելի է մաքուր ջրի դերը:
Թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերին:
23 րոպեանոց այս ֆիլմն անդրադառնում է հանքային արդյունաբերության գործունեության արդյունքում մարդկանց առողջությանը և բնությանը հասցված հսկայական վնասին: Թափանցելով օդի և հողի մեջ` հանքային արդյունաբերության արտանետումներն ի վերջո հայտնվում են ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրերում:
Ֆիլմն արտադրվել է 2007 թվականի մարտին:
Ֆիլմը Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի մասին է: 22 րոպեների ընթացքում խոսվում է Հայաստանի առավել վտանգված որոշ վայրերի, մարդկային գործունեության արդյունքում բնությանը հասցված վնասի և կենդանիների որսի հետևանքների մասին:
Ֆիլմում գիտական ընդհանուր անդրադարձ է կատարվում էկոհամակարգերի վրա տարբեր վնասակար ազդեցություններին:
Ֆիլմը ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին:
24 րոպեանոց այս ֆիլմում ներկայացված է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արգելոցների և ազգային պարկերի իրական վիճակը:
Ֆիլմում տեղ են գտել գիտնականների վկայություններն այն մասին, թե ինչ լուրջ վտանգ է այսօր սպառնում մեր երկրի համար չափազանց կարևոր, հարուստ կենսաբազմազանություն ունեցող այս հատվածների էկոհամակարգերին:
Ֆիլմը թողարկվել է 2008 թվականի հուլիսին: