Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Լուի Արագոնի՝ ֆրանսիացի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի և քաղաքական գործչի անունը քաջ հայտնի է հայ իրականությանը, որովհետև գրողի վերաբերմունքը հայ բազմադարյան գրականության հանդեպ ակնհայտ է: Նա 1955 թվականին գրեց մի ծավալուն հոդված՝ «Հայաստանի հազարամյա երթը» վերտառությամբ, որտեղ հատկապես բարձր գնահատեց Ավ. Իսահակյանին և Ե. Չարենցին՝ համեմատելով նրանց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներ Էլյուարի և Ապոլիների, Ռիլկեի և Լորկայի, Եսենինի և Մայակովսկու հետ: Իսահակյանի մահվան կապակցությամբ 1957 թվականին գրեց «Ավետիք Իսահակյանի հիշատակին» հոդվածը: «Ո՞վ է հիշում հայոց եղեռնը» հոդվածում Լուի Արագոնը 1915 թվականի դեպքերը համարեց «մի ապրող ազգի հանդեպ կատարված ցեղասպանության առաջին ոճիրը»…

