Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Վերջին տարիներին հայտնվել է գրամոլների մի շերտ, որն աշխարհարարման պահից բանական մարդու ստեղծած բոլոր արժեքները, քաղաքակրթության ու մշակույթի դաշտում բոլոր նվաճումները վերագրում է միմիայն հայերիս, մեզանով է պայմանավորում աշխարհի սկիզբն ու վախճանը:
Բարեբախտաբար, հնագիտական պեղումները, համապատասխան գիտական եզրահանգումներով, վաղ թե ուշ, վիճելի շատ հարցերի են պատասխանում, և չարժե գիտությունից առաջ ընկնել ու ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Հայոց գերհարուստ պատմությունն ավելորդ զանգուլակների կարիք չունի: Դա աղքատի հոգեբանություն է… Իսկ պատմաշինությունը ո՛չ միայն անշնորհակալ գործ է, այլև մեզ՝ հայերիս, վայել չէ…
- Աշոտ Մելքոնյան