Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հինավուրց Լյուբեկ քաղաքում բնակվող Մաների ընտանիքը միանգամից երկու նշանավոր գրող նվիրեց աշխարհին՝ Հայնրիխին և Թոմասին: Հայնրիխն ուզում էր նկարիչ դառնալ: Նա աշխատակցում էր երգիծական «Սիմպլիցիսսիմուս» հանրաճանաչ հանդեսին, ունկնդրում արվեստի պատմության դասախոսություններ Բեռլինի համալսարանում: Գրական դեբյուտը «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպն է: Հենվելով Բալզակի և Զոլայի ավանդույթների վրա՝ նա ստեղծեց բեռլինյան դրամատերերի դիմանկարներ, ովքեր զանազան խարդախություններով հսկա հարստությունների տեր էին դառնում: Ահա այսպիսի բնակիչներով երկրի կերպար է ստեղծում Մանը, որտեղ կաթե գետեր են հոսում, մարդկանց ոտքերի առաջ ընկնում են խնձորներ ու տանձեր: Այս ամենն ինչ-որ տեղ փոխառված է բանահյուսական իրականությունից: Այսպիսին է երևում մայրաքաղաքի բարձր հասարակությունը գավառական երիտասարդ Անդրեաս Ցումզեին: Գեղեցկատես բանաստեղծի բախտը բերում է: Նրան իր հզոր գրկում է պահում նրա ֆինանսիստ կինը, որը սիրո պահերին չափազանց արժեքավոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես հաջողություն ունենալ բորսայում…

