Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Չեխ կոմպոզիտոր Սմետանան այս երգիծական օպերան սկսել է գրել 1863 թվականից: Լիբրետոյի հեղինակը ժամանակի նշանավոր չեխ գրող Կարել Սաբինան էր: Կոմպոզիտորին լիբրետոյի նախնական տարբերակը չգոհացրեց. այն գրված էր մեկ գործողությամբ օպերետի համար: Բայց Սմետանայի խնդրանքով՝ լիբրետոն ընդլայնվեց և հիմք դարձավ երկու գործողությամբ օպերայի, որի երաժշտությունը Սմետանան ավարտեց 1866 թվականին: Նույն թվականի մայիսի 30-ին Պրահայի «Ժամանակավոր թատրոնում» «Վաճառված հարսնացուն» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին:
1870 թվականին Սանկտ-Պետերբուրգում ներկայացնելու համար Սմետանան օպերան զգալիորեն փոփոխեց: Մասամբ փոխեց օպերայի տեքստը, ստեղծեց մի քանի նոր երաժշտական հատված: Նոր խմբագրված օպերան արդեն բաղկացած էր երեք գործողությունից և մինչ օրս էլ հանդիսատեսին ներկայացվում է հենց այս տարբերակով:
Օպերայի երեք գործողությունները ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

