Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ Միգել Էռնանդեսին: 1931 թվականին Միգելն առանց գրոշի գալիս է մայրաքաղաք այն հույսով, որ մեծ հաջողություն է ունենալու: Հովիվ-բանաստեղծի հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի բանաստեղծություն հայտնվում են մայրաքաղաքի լավագույն ամսագրերում: Բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում: Կենսական կարիքները հոգալու համար շուտով վերադառնում է ծննդավայր: Սակայն մադրիդյան ժամանակաշրջանը խիստ արդյունավետ էր: Այստեղ նա ծանոթացավ իսպանական ժամանակակից պոեզիային, ամրապնդվեց հետաքրքրությունը իսպանացի բանաստեղծ Լուիս դե Գոնգորայի ստեղծագործության հանդեպ: Եվ հենց առաջին ժողովածուում, որ լույս տեսավ 1933-ին՝ ‹‹Լուսնի գիտակը›› խորագրով, զգացվում է Գոնգորայի ազդեցությունը, ում պոեզիան ապշեցրել էր ինքնուս-բանաստեղծին…

