Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Այսօր՝ խղճի և դավանանքի ազատության դարաշրջանում, անհասկանալի և շինծու կարող է թվալ մի ամբողջ ազգի ապաշխարությունը, մեղքերից մաքրվելը և Քրիստոսին դառնալը՝ արքայից մինչև շինական, իշխանից մինչև շարքային հետևակ: Ինչպես 4-րդ դարում հնարավոր եղավ մի ամբողջ ազգի դարձը և քրիստոնեության ընդունումը՝ ի հեճուկս հարևան այլադավան գերտերությունների: Ինչու Միածինը մուրճով հարվածեց արարատյան հողի վրա և ազդարարեց Սուրբ Էջմիածնի կառուցման մեկնարկը: Որն էր այն պարարտ հողը, որի վրա կառուցվեց Մայր տաճարը:
- Հյուր՝ Տ.Նշան քհն. Ալավերդյան

