Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Հաղորդումը ներկայացնում է Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերան՝ հիմնված գերմանական միջնադարյան ավանդապատումների վրա: Լիբրետտոն գրել է հենց Ռիխարդ Վագները: Միջնադարյան առասպելներից և ասքերից փոխառված օպերայի դիպաշարը հանդիսատեսին տեղափոխում է ֆեոդալա-ասպետական հեռավոր ժամանակներ և պարունակում է որոշակի միստիցիզմ։ «Տանհոյզերում» ցուցադրվում է մարդկային, երկրային, հողեղեն զգացմունքների ազատ արտայայտման համար պայքարը, որը հակադրվում է քրիստոնեական ճգնավորական բարոյականությանը։



«Անուշ» օպերան մասնագետները բնորոշեցին որպես առաջին ազգային օպերա: Այն հանդիսատեսներին ներկայացվեց 1912 թ. Ալեքսանդրապոլում, սիրողական խմբի ուժերով, բայց օպերայում հնչող մեղեդիներն արագորեն տարածվեցին ու սիրվեցին ժողովրդի կողմից: Հայ մեծանուն գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի համանուն պոեմի դիպաշարով և կոմպոզիտորի լիբրետոյով գրված այդ օպերան սկիզբ դրեց հայկական օպերայի քնարական-կենցաղային ժանրի զարգացմանը: Ազգային վառ գույներով ստեղծված բազմաթիվ մեներգերը, զուգերգերը, խմբերգերը շուտով սկսեցին երգվել ժողովրդի կենցաղում և հնչել եթերում ու համերգային բեմերում` որպես համերգային փայլուն նմուշներ:



Օպերայի լիբրետտոն գրել է Լուիջի Իլլիկան ըստ գերմանացի գրող Վիլհելմինա ֆոն Հիլլերի «Վալլի ուրուրը. դեպք Տիրոլյան Ալպերում» վեպի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1892 թվականի հունվարի 20-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում և մեծ հաջողություն ունեցել:



1893 թվականին, Գուստավ Ֆլոբերի «Հերովդիա» վիպակով ներշնչված, իռլանդացի գրող հանրաճանաչ դերասանուհի Սառա Բերնարի համար Օսկար Ուայլդը գրում է մեկ գործողությամբ «Սալոմե» ողբերգությունը: Այն մեծ հաջողությամբ բեմադրվում է Եվրոպայի թատրոններում ու լայնորեն տարածվում: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն այս ողբերգությունն առաջին անգամ դիտել է Բեռլինում 1903 թվականին:
Արտասովոր Արևելքը, Հերովդեսը՝ որպես պատմական անձ, Սալոմեի հրեշավոր, անբարո կերպարի հակադրությունը Հովհաննես Մկրտչի՝ նույն ինքը ողբերգության հերոս Իոկանաանի առաքինությանն ու աստվածպաշտությանը, ներշնչում են Շտրաուսին այս գործի հիման վրա օպերա գրել:



Սա իսպանացի կոմպոզիտոր Ֆալայի առաջին օպերան է: Նա այն գրել է 1904 թվականի օգոստոսից մինչև 1905 թվականի մարտը:
«Կարճ կյանք» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1913 թվականին ապրիլի 1-ին Նիցցայում, ֆրանսերեն թարգմանությամբ:



Հաղորդումը ներկայացնում է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Դոն Սեբաստիան» օպերան: Այս ստեղծագործությունը կոմպոզիտորի ստեղծած վերջին օպերան է: Լիբրետոն գրել է ֆրանսիացի հանրաճանաչ թատերագիր Էժեն Սկրիբը՝ ըստ Պոլ-Անրի Ֆուշեի դրամայի: «Դոն Սեբաստիան» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1843 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզի «Գրանդ Օպերայում»:



Այս մյուզիքլը տարագիրներով բնակեցված Նյու Յորքի արևմտյան` Վեսթսայդյան թաղամասերի վերահսկման իրավունքի համար հակամարտող երկու խմբերի` սպիտակամորթների հետնորդներ «հրթիռների» և պուերտոռիկացի «շնաձկների» պայքարի մասին է: Թեև այստեղ կրկնվում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բախումները, սակայն այս պատմությունն ավելի սրտառուչ է և հուզական: Մինչև վերջին վայրկյանն ուզում ես հուսալ, որ գործողությունների ընթացքը կշեղվի մեծ դրամատուրգի նախանշած ողբերգական ավարտից: Բայց կյանքը երբեմն ավելի դաժան է...



Ադոլֆ Ադանի «Ժիզել կամ Վիլիսներ» ֆանտաստիկ բալետի լիբրետոն գրել են Անրի դը Սեն Ժորժը և Թեոֆիլ Գոթիեն՝ ըստ Հայնրիխ Հայնեի մշակած սլավոնական լեգենդի: Լեգենդը գիշերային պարուհիների մասին է. նրանց անվանում են «վիլիսներ»: Այս տարաբախտ երիտասարդ էակները հարսնացուներ են, որոնք մահացել են ամուսնական առագաստ չմտած: Կեսգիշերին նրանք դուրս են գալիս շիրիմներից՝ ձգտելով կրկին վերապրել իրենց երջանիկ օրերը: Վա՜յ այն անցորդին, որը դժբախտություն կունենա հանդիպելու նրանց: Նրան ներքաշում են շուրջպարի մեջ և ստիպում իրենց հետ պարել այնքան, մինչև անշնչացած տապալվի գետնին: Սիրո մեջ խոր հիասթափություն ապրած և խաբված Ժիզելը մահանում է և վերափոխվում գիշերային պարուհու՝ վիլիսի:



Անգլիացի կոմպոզիտոր Հենրի Փյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերան ստեղծվել է ըստ Պուբլիոս Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմի 4-րդ մասի, որտեղ հեղինակը պատմում է Տրոյայի առասպելական հերոս Էնեասի մասին: Լիբրետոյի հեղինակն է Նահում Թեյթը: «Դիդոնե և Էնեաս»-ը Հենրի Փյորսելի առաջին երաժշտական դրաման է: Հատուկ պատվերով` կոմպոզիտորն այն գրել է 1689 թվականին՝ Ջոզիաս Փրիստի աղջիկների դպրոցի ավարտական միջոցառմանը ներկայացնելու համար:



Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որում նկարագրված են մ.թ.ա. 74-71 թվականներին Հին Հռոմում ստրուկների ապստամբության դեպքերը` թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ։ Չորս գործողություններից բաղկացած մոնումենտալ այս ստեղծագործության լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունն ու դաժանությունը մարմնավորող կերպարները։






Հաղորդումը ներկայացնում է Ջոակինո Ռոսսինիի «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը» օպերան՝ գրված թե փոքրիկներին և թե մեծահասակներին քաջ ծանոթ «Մոխրոտը» հեքիաթի հիման վրա։ Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Յակոպո Ֆերրետին:



Հաղորդումը ներկայացնում է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Դարգոմիժսկու (1813-1869) «Ջրահարս» օպերան՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն անավարտ դրամայի:



Լիբրետոն գրել են Վլադիմիր Բեգիչևը և Վասիլի Գելցերը:
Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայի Մեծ թատրոնում: Հանդիսատեսը բավական սառն է ընդունել ներկայացումը, ժամանակի որոշ քննադատներ նույնպես այն համարել են անհաջող, և շուտով բալետը հանվել է թատրոնի խաղացանկից: Այդ անհաջողության գլխավոր մեղավորներ էին համարում բալետմայստեր Վացլավ Ռեյզինգերին և Օդետայի դերակատարուհի Պոլինա Կարպովային:
Առաջնախաղից մոտ 20 տարի անց կայսերական թատրոնների տնօրինությունը որոշում է բալետը կրկին բեմականացնել 1893-94 թվականների թատերաշրջանի համար: Նոր ներկայացման սցենարը մշակում է բալետմայստեր Մարիուս Պետիպան: Պյոտր Չայկովսկու եղբայրը՝ Մոդեստ Չայկովսկին, վերամշակում է լիբրետոն:
Նոր բեմադրությունը ներկայացվել է 1895 թվականի հունվար 15-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Հենց այդ օրվանից էլ հանդիսատեսն ու երաժշտական քննադատները բալետը գնահատում են արժանվույնս:
Բալետը բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։



Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի այս օպերայի դիպաշարի հիմքում Նիկոլայ Գոգոլի «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» վիպակն է։ Լիբրետոն գրել է ինքը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Կոմպոզիտորն իր օպերան գրել է հեքիաթի ոճով՝ այն հարստացնելով երևակայական տարրերով, ինչպես նաև ներառելով լիբրետոյում հեթանոսական հնագույն ասույթներ, որոնցով հարուստ էին ռուսական գեղջկական կենցաղային ծեսերը։
«Սուրբ ծննդյան նախօրեի գիշերն» առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1895 թվականի նոյեմբերի 28-ին Մարիինյան թատրոնում։
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։



1933 թվականին հայտնի շեքսպիրագետ, Լենինգրադի Կիրովի անվան (այժմ՝ Մարիինյան) օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ռադլովը Սերգեյ Պրոկոֆևին առաջարկել է երաժշտություն գրել այս երկի թեմայով: Կոմպոզիտորն իսկույն անցել է գործի: Երաժշտության ստեղծմանը զուգահեռ նա Ռադլովի ու ժամանակի հայտնի թատերական քննադատ և դրամատուրգ Ադրիան Պիոտրովսկու հետ մշակել է լիբրետոն:
«Ռոմեո և Ջուլիետ» բալետն առաջին անգամ ներկայացվել է 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Չեխիայի Բռնո քաղաքում: Հայրենական բեմում այն, բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո, ներկայացվեց 1940 թվականի հունվարի 11-ին:
Ըստ կլավիրի՝ բալետը բաղկացած է 4 գործողություններից և 9 տեսարաններից, բայց սովորաբար բեմադրությունների ժամանակ երկրորդ պատկերը բաժանում են 4 առանձին տեսարանների, իսկ վերջին՝ 4-րդ գործողությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ տեսարանից, միացնում են 3-րդ գործողությանը՝ որպես վերջաբան:
Բալետը ներկայացնում ենք երեք գործողությամբ՝ հաղորդման երեք մասերում։



Օպերայի լիբրետոն գրել է ճանաչված ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Զագոսկինը։ 1833 թվականին լույս տեսած նրա «Ասկոլդի գերեզմանը» վեպն արժանվույնս չգնահատեցին ո՛չ քննադատները, ո՛չ էլ ընթերցողները։ Սակայն երկու տարի անց՝ 1825 թվականին, Ալեքսեյ Վերստովսկին որոշում է օպերա գրել Միխայիլ Զագոսկինի վեպի հիման վրա։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1836 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հանդիսատեսն այն բարձր գնահատեց: Մոսկվայի Մեծ թատրոնում 25 տարվա ընթացքում օպերան ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և մինչև 1887 թվականն այն թատրոնի մշտական խաղացանկում էր։
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։



Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» երգիծական օպերայի դիպաշարի հիմքում Պիեր Բոմարշեի «սկանդալային կատակերգությունն է», որն Ավստրիայի կայսր Յոզեֆ Երկրորդի կողմից արգելվել էր հակաֆեոդալական ազատամտության համար: Օպերան, որը Մոցարտը գրել է մի քանի ամսվա ընթացքում, դարձավ լիբրետոյի հեղինակ Լորենցո դա Պոնտեի հետ կոմպոզիտորի ստեղծագործական համագործակցության առաջին փորձը, որին հաջորդեցին «Դոն Ժուան» և «Այդպես են վարվում բոլորը» օպերաները:
Պրեմիերան տեղի է ունեցել Վիեննայի Արքունական թատրոնում 1786 թվականի մայիսի 1-ին իտալերենով:



Ֆրանսիացի կոմպոզիտոր Բեռլիոզի այս օպերայի լիբրետոյի հեղինակներն են Լեոն դը Վային և Անրի Օգյուստ Բարբիեն: Օպերայի հիմքում դրվագներ են իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ Բենվենուտո Չելլինիի կյանքից՝ ըստ նրա «Հիշողությունների»:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։



Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի դիպաշարը փոխառված է Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթ-վիպակից: Բալետի լիբրետոյի հիմքում, սակայն, Ալեքսանդր Դյումա-հոր «Շչելկունչիկի պատմությունը» հեքիաթի 1844 թվականի փոխադրությունն է, որը «Թատերական հանրագիտարանում» սխալմամբ վերագրվել է Ալեքսանդր Դյումա-որդուն: Չայկովսկին բալետի վրա աշխատել է հանրաճանաչ բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1892 թվականի դեկտեմբերի 6-ին Մարիինյան թատրոնում՝ «Իոլանտա» օպերայի հետ մեկտեղ:
- Հաղորդման առաջին մասում կունկնդրեք բալետի առաջին գործողությունը, երկրորդում՝ երկրորդ։



Յոհան Շտրաուս-որդու «Չղջիկ» երգիծական օպերետի լիբրետոն ստեղծվել է գերմանացի թատերագիր Յուլիուս Ռոդերիխ Բենեդիկսի «Բանտարկություն» կատակերգության հիման վրա: Դրամատուրգներ Հանրի Մելյակն ու Լյուդովիկ Հալևին փոքր-ինչ վերամշակել են Բենեդիկսի ստեղծագործությունը և գրել վոդևիլ:
Պիեսի հաջողությունը Փարիզում այնքան մեծ էր, որ Վիեննայի «Ան դեր Վին» թատրոնի տնօրեն Մաքսիմիլիան Շտայները որոշում է այն բեմադրել: Երկի վերափոխման աշխատանքը Շտայները հանձնարարում է ավստրիացի դրամատուրգ և կոմպոզիտոր Ռիխարդ Ժենեին: Բայց և այնպես, «Չղջիկը» հավանաբար չէր բեմադրվի, եթե Յոհան Շտրաուս-որդու ընկերներից մեկը չկարդար պիեսը: Վերջինս «Ան դեր Վին» թատրոնի տնօրենին առաջարկում է երաժշտությունը հանձնարարել Շտրաուսին:
Յոհանն Շտրաուս-որդին մեծ խանդավառությամբ է սկսում իր գործը: Լիբրետոն այնքան էր նրան դուր եկել, որ երաժշտությունը գրում է մեկուկես ամսում:
Օպերետի առաջին ներկայացումը կայացավ 1875 թվականի ապրիլի 5-ին՝ Զատկի օրը, «Ան դեր Վին» թատրոնում:
Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման երեք մասերում՝ համապատասխանաբար։



Լիբրետոն գրել են ավստրիացի թատերագիր Լեո Շտայնը և լիբրետիստ Բելա Յենբախը։
Վարիետեի աստղ Սիլվա Վարեսկուին նվիրված օպերետ գրելու մտահղացումը Կալմանի մոտ ծագել է 1914 թվականին։ Գերմաներեն լիբրետոն վերնագրված էր «Կեցցե սերը»։ 1915 թվականի նոյեմբերին Կալմանը լիովին ավարտում է օպերետը: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Վիեննայի «Յոհան Շտրաուս» թատրոնում «Չարդաշի թագուհին» օպերետն առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին։
Ռուսաստանում օպերետի սկզբնախաղը 1916 թվականին էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի բուռն շրջանում, երբ Ռուսաստանն ու Ավստրո-Հունգարիան պատերազմում էին։ Այդ իսկ պատճառով թե՛ օպերետի և թե՛ որոշ գործող անձանց անուններ փոփոխվեցին։ Այդ ժամանակից ի վեր «Չարդաշի թագուհին» ռուսական և սովետական հանդիսատեսին ներկայացվել է «Սիլվա» վերնագրով։
Օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։



Երկի հիմքում Օգյուստ Անիսե-Բուրժուայի ողբերգության մեջ նկարագրված աստվածաշնչյան իրադարձություններն են: «Նաբուկոն» Բաբելոնի Նաբուգոդոնոսոր Երկրորդ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ. թ. ա. 578 թվականին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին:
Իտալերեն լիբրետոն գրել է Տեմիստոկլե Սոլերան:



Կամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերայի հիմքում Սամսոնի և Դալիլայի մասին աստվածաշնչյան հայտնի պատմությունն է: Լիբրետոյի հեղինակն է Ֆերդինանդ Լեմերը: Օպերայի պրեմիերան կայացել է Վայմարում 1877 թվականին՝ գերմաներենով, Ֆերենց Լիստի ղեկավարությամբ:

