Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

1933 թվականին հայտնի շեքսպիրագետ, Լենինգրադի Կիրովի անվան (այժմ՝ Մարիինյան) օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ռադլովը Սերգեյ Պրոկոֆևին առաջարկել է երաժշտություն գրել այս երկի թեմայով: Կոմպոզիտորն իսկույն անցել է գործի: Երաժշտության ստեղծմանը զուգահեռ նա Ռադլովի ու ժամանակի հայտնի թատերական քննադատ և դրամատուրգ Ադրիան Պիոտրովսկու հետ մշակել է լիբրետոն:
«Ռոմեո և Ջուլիետ» բալետն առաջին անգամ ներկայացվել է 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Չեխիայի Բռնո քաղաքում: Հայրենական բեմում այն, բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո, ներկայացվեց 1940 թվականի հունվարի 11-ին:
Ըստ կլավիրի՝ բալետը բաղկացած է 4 գործողություններից և 9 տեսարաններից, բայց սովորաբար բեմադրությունների ժամանակ երկրորդ պատկերը բաժանում են 4 առանձին տեսարանների, իսկ վերջին՝ 4-րդ գործողությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ տեսարանից, միացնում են 3-րդ գործողությանը՝ որպես վերջաբան:
Բալետը ներկայացնում ենք երեք գործողությամբ՝ հաղորդման երեք մասերում։

