Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Վերդիի այս օպերայի լիբրետոյի հեղինակն է Արրիգո Բոյտոն, իսկ դիպաշարի հիմքում Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունն է:
«Օթելլո» օպերայի պրեմիերան տեղի ունեցավ 1887 թվականի փետրվարի 5-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 74-ամյա կոմպոզիտորի օպերան գրված էր բոլորովին նոր ոճով, նոր եռանդով: Հանդիսատեսն այն ընդունում է մեծ ցնծությամբ: Շուտով օպերան ճանաչվում է ողջ աշխարհում և ընդունվում որպես Վերդիի առավել կատարյալ ստեղծագործություններից մեկը:
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման չորս մասերում՝ համապատասխանաբար։

