Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Այս օպերայի լիբրետոն Մոցարտին առաջարկել է նրա վաղեմի ընկերը՝ թատերական գործարար Էմմանուել Շիկանեդերը: Վերջինս լիբրետոն գրել է ոգիների ու փերիների մասին Քրիստոֆ Մարտին Վիլանդի ֆանտաստիկ պոեմների ու կախարդական հեքիաթների թեմաներով՝ օգտագործելով որոշ մանրամասներ այլ հեղինակների երկերից: Շիկանեդերը լիբրետոյում ներառել է նաև մասոնական ծիսական գաղտնի փորձություններ ու խորհրդավոր կերպարանափոխություններ:
Լիբրետոյի սկզբնական տարբերակում շատ էին հակասություններն ու հեքիաթային հորինվածքները, իսկ հապճեպ ձևափոխումն է՛լ ավելի էր վատթարացրել խառնաշփոթը: Բայց Մոցարտը կարողանում է այս պարզունակ դիպվածաշարում արտահայտել բարոյա-փիլիսոփայական լուրջ գաղափարներ: Նրան ոգեշնչում էին մարդկանց հավասարության և եղբայրության կարգախոսները, հավատն առ բարությունը և բարոյական կատարելության ձգտումը:
«Կախարդական սրինգ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին 1791 թվականի սեպտեմբերի 30-ին: Ներկայացումից երկու ամիս անց մահացավ 36 տարին դեռ չբոլորած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ մեզ թողնելով մեկը մյուսին չզիջող հանճարեղ ստեղծագործությունների հսկայական ժառանգություն:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացված են հաղորդման երկու մասերում՝ համապատասխանաբար։

