Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Եգիպտական պանթեոնի թերևս ամենանշանավոր այս աստվածուհու կերպարն իր մեջ թաքցնում է բազում առեղծվածներ: Նրա ծագումը հասնում է եգիպտական պատմության խորքերը և շատ գիտնականների համար դառնում անհասկանալի: Հասկանալի չէ և այն, թե ինչու Իսիսը ուշ անտիկ դարաշրջանում ամբողջ Միջերկրածովեզերքում և նրան հարող շրջաններում դարձավ Մեծ Մոր մարմնավորումը: «Իսիս» կամ «Իզիդա» անունը հին եգիպտական «Իսետ» կամ «Էսետ» անունների՝ ավելի ուշ շրջանի հունական ձևն է, որն ըստ լեզվաբանների նշանակում է «գահ»։ Իսիսը`Օսիրիսի քույրն ու կինը, մեռելներից նրա հարության խորհրդի աստվածային ղեկավարը, կապված է բնության գարնանային վերածնման հետ։

